Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։
«Ազատությո՞ւն», ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.
«Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից։
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կըսպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։
- Ազատությո՜ւն,- գոչեցի,-
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն»։
Հետաքրքիր է նաև․․․
ԳԱՐՈՒՆ, Վահան Տերյան
- 01.03.2026
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ Հայ Մեծերից
- 24.07.2025
Աղվեսը, Հովհաննես Թումանյան
- 28.09.2024
RECENT
ԳԱՐՈՒՆ, Վահան Տերյան
- 2026-03-01 08:22:00
Մարիա Ղարիպեանը Berlin Fashion Week-ում՝ նոր կապեր և նոր հնարավորություններ
- 2026-03-07 02:02:00
2026-ի ԹՈՓ 10 ամենապահանջված ֆրիլանս մասնագիտությունները- Անուշ Ափիկյան
- 2026-02-27 08:42:00
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
SUBSCRIBE
More Stories
All Rights Reserved © 2026